ԱՄՆ կոնգրեսականները` սենատորներից հետո, կարողացան համաձայնության հասնել, որը հնարավորություն է տալիս շարունակել ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքը 3 շաբաթով` մինչև փետրվարի 8-ը: Օրինագիծը Սենատում ստացավ 81 ձայն` անհրաժեշտ 60-ի փոխարեն, դեմ էին 18-ը: Համայնքների պալատում 266 կողմ կար, 150` դեմ: Դեմոկրատական կուսակցությունը համաձայնեց աջակցել օրինագծին` ընդունելով հանրապետականների խոստումը: Նրանք պատրաստ են ապագայում քննարկել անլեգալ միգրանտների կարգավիճակը: Դեմոկրատների այդ քայլը հարուցեց ազատական ՀԿ-ների զայրույթը: Նրանք դժգոհ են, որ դեմոկրատները գործարքի գնացին հանրապետականների հետ` ոչ մի կոնկրետ արտոնություն չստանալով անլեգալ միգրանտների համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրինագիծը ստորագրեց` Կոնգրեսի 2 պալատների հավանությունը ստանալուց հետո:
Սա անցյալ տարվա հոկտեմբերից հետո չորրորդ ժամանակավոր համաձայնությունն էր shut down-ը հաղթահարելու համար, օրենսդիրները չեն կարողանում կոնսենսուսի գալ երկարաժամկետ բյուջեի հարցում: Կառավարությունը երեքշաբթի կվերսկսի աշխատանքը: Ժամանակավոր, չվճարվող արձակուրդ ուղարկված հազարավոր դաշնային աշխատողներ թեթևացած շունչ քաշեցին: Օրենսդիրները Սենատում ու Համայնքների պալատում չկարողացան ժամանակին ընդունել կառավարության ֆինանսավորման օրինագիծը: Օրինագծի ընդունման համար պետք է Սենատի 100 անդամներից 60-ի ձայնը: Հանրապետականները Սենատում ունեն 51 մանդատ: Դեմոկրատներն ուզում էին, որ օրինագծում ներառվի անլեգալ միգրանտների հարցը, որ ԱՄՆ-ում են հայտնվել մանկական հասակում: Դոնալդ Թրամփը հրաժարվում էր կառավարության ֆինանսավորումը կապել միգրանտների պաշտպանության հետ, իսկ հանրապետականները Սենատում ընդհանրապես հրաժարվում էին հարցը քննարկել` մինչև կառավարությունը չսկսի աշխատել:
Հանրապետականներն ուզում են մեծացնել պաշտպանության և սահմանների պահպանության ծախսերը: Այդ թվում` Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման:
Դաշնային կառավարությունը աշխատանքը վերսկսեց, բայց բյուջեի ու միգրացիայի վերաբերյալ բանավեճերը շարունակվում են: Երկու կողմերն էլ փորձում են համոզել, որ հենց իրենք են հաղթել: Հանրապետականներն ուրախ են, որ, ի տարբերություն նախկին shut down-ների, այս անգամ իրենց հեղինակությունը շատ չտուժեց: Սենատում հանրապետականների ղեկավար Միտչ Մակքոնելը խոստացավ բաց քննարկումներ մանկահասակ տարիքում ԱՄՆ եկած միգրատների ճակատագրի վերաբերյալ, բայց դա կարող է տեղի չունենալ, եթե մի քանի շաբաթից դեմոկրատները նորից հասնեն պետապարատի ֆինանսավորման դադարեցման: Դեմոկրատները կարող են պնդել, որ առճակատման են գնացել հարցում, որ իրենց կողմնակիցները համարում են կարևոր: Նրանց կողմնակիցները` կուսակցության ձախ թևից ու ակտիվիստները տեղերում, գո՞հ կլինեն, դեռ պարզ չէ: Դեմոկրատ սենատորներից յուրաքանչյուրը, որ մտքում ունի 2020-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, դեմ է քվեարկել դաշնային կառավարության ֆինանսավորման վերականգնման օրինագծին: Նրանց համար Մակքոնելի խոստումները ոչինչ չեն նշանակում: Նախագահ Դոնալդ Թրամփը այդ գործընթացներից դուրս էր: Դեմոկրատներն ու մի քանի հանրապետականներ բողոքում էին, որ չեն հասկանում` ինչի՞ է ձգտում նախագահը և ո՞ր հարցերին է գերակայություն տալիս: Ամերիկացիները շուտով կմոռանան պետապարատի ֆինանսավորման մի քանի օր տևած ճգնաժամը: Բայց նույն հարցով հաջորդ ճգնաժամը կարող է շատ ավելի լուրջ լինել:
Այս shut down-ը համընկավ Թրամփի պաշտոնակալության տարեդարձի հետ: Նաև` կասկածի տակ էր առնում նրա մեկնումը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողով: Վերջին անգամ ԱՄՆ կառավարության աշխատանքը դադարեցվել էր 2013-ին, տևեց 16 օր, տնտեսական վնասը գնահատվեց 2 միլիարդ դոլար:
BBC
Հ.Գ. Խորհրդարանական կառավարման համակարգով երկրներում կառավարությունը, որ չի կարողանում հաշիվները վճարել, երկար չի դիմանում: 2012-ին Նիդերլանդների կառավարությունը, չկարողանալով բյուջեն համաձայնեցնել, հրաժարական տվեց: Նոր ընտրություններ եղան և նոր կառավարություն կազմվեց: Որոշ երկրներում կառավարությունը կարող է և չաշխատել: 2010-ին Բելգիայում 500 օր կառավարություն չկար, հարկերը հավաքվում էին, աշխատավարձը տրվում էր, ժամանակավոր կառավարությունն ընդունեց բյուջեն: Ֆրանսիայում նման դեպքերում կառավարությունը հատուկ դեկրետով հատկացնում է անհրաժեշտ միջոցները: Հարց է առաջանում` ինչու՞ է ԱՄՆ-ում նման խնդիր ծագում` գումարների առկայության պարագայում: 1980-ականներին ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Բենջամին Չիվիլետին անօրինական շրջանառության դեմ 1884-ի օրենքը շատ խիստ մեկնաբանեց` ֆինանսավորման դեֆիցիտի դեպքում պետական հաստատությունները պետք է դադարեցնեն գործարքները` մինչև Կոնգրեսի գումար հատկացնելը: Չի՞ պատրաստվում Դոնալդ Թրամփը վերանայել Բենջամին Չիվիլետիի որոշումը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ